Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սիրելը մարդ արարածի կոչումն է

Սիրելը մարդ արարածի կոչումն է
18.12.2015 | 00:05

ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՀԱՃՈՒՅՔ


«Իսկ միևնույն բարի իրագործումների մեջ Սուրբ Երրորդության համամիտ միակամության ապացույցներն են՝ Հոգին՝ կենդանության, Բանը՝ բանականի, Պայծառությունը՝ փառքի, և Կերպարանքը՝ էության»:
Գրիգոր ՆԱՐԵԿԱՑԻ («Մատյան ողբերգության», ԽԴ գործ)


Արտամուսնական կապերը, ամուսինների դավաճանությունը, ամուսնալուծությունը, արհեստական վիժեցումը, պոռնոգրաֆիան, անթույլատրելի ճանապարհով արհեստական բեղմնավորումը, էֆտանազիան, ամենուր պրոպագանդվող արվամոլությունը` մի կողմից, մյուս կողմից` քրիստոնեական սրբությունների նկատմամբ արհամարհանքը, անարգանքն ու ատելությունը այսօր վկայում են աշխարհի հոգևոր անկման մասին: Մարդ արարածը, առանց հաշվի նստելու իր բանականության հետ, մերժում է այն, ինչը նրան տանում է դեպի փրկություն, նա կարիք չունի Ավետարանի խոսքը լսելու, այն ընդունելու, այլ ցանկանում է ապրել հաճույքներին տրվելով: Թված մեղքերին Աստվածաշունչը ավելի մեծ արգահատանքով է անդրադառնում, քանի որ այս մեղքերի պատճառով մարդու բանականությունը մթագնում է, մարդկային էությունը փոխվում է. նրա մեջ մեռնում է սիրելու ունակությունը` տեղը զիջելով ատելությանը, որը ի վերջո մարդուն կախման մեջ է պահում չարից: Այս ամենը, սիրելիներ, մարդուն տանում է քարասրտության, անզգայության, Աստվածմերժության և հոգևոր մահվան: Տեղի է ունենում արժեքների դեգրադացում, և մեր սերունդը վերադառնում է այն ժամանակներին, երբ մարդը, անտեսելով պատվիրանները և ապրելով մեղքի մեջ, դատապարտել է ինքն իրեն: Ամենացավալին, սակայն, այն է, երբ այս մեղքերի մեջ են ընկնում նաև մկրտվածները, ովքեր գիտակցաբար մերժում են քրիստոնեության երկուհազարամյա ձեռքբերումները. «Երկինք, զարմացեք այս բանի վրա, սոսկացեք,- ասում է Տերը,- որովհետև Իմ ժողովուրդը կրկնապատիկ չարություն գործեց, Ինձ՝ կենաց ջրի աղբյուրիս, թողեցին, որ իրենց համար հորեր փորեն՝ ծակծակոտ հորեր, որոնք չեն կարող ջուրը պահել» (Երեմիա 2.12-13):
Հիսուս Քրիստոս Իր կյանքով մեզ հնարավորություն տվեց հասկանալու, որ հոգևոր, մտավոր և ֆիզիկական մաքրությունը ամենակարևորն է մարդ արարածի կյանքում, որը հնարավոր կլինի, եթե զգացմունքները ենթարկվեն բանականությանը: Անաղարտ սերը մեծագույն գանձն է մարդկային սրտի, իսկ այդ սերը մեզ փոխանցում է Սուրբ Հոգին, Ով այն պահպանում և զարգացնում է մեր մեջ մեր կողմից իրեն առաքված աղոթքի միջոցով: «Երանի նրանց, որ սրտով մաքուր են, նրանք Աստծուն կտեսնեն» (Մատթեոս 5.8): Եթե աչքերը սովորել են մութին, նրանք չեն կարող նայել իրական փայլատակող արևին, և այն, ինչ երջանկություն է մաքուր հոգիների համար, պատիժ է մեղքով ապականված հոգիների համար:
Սիրելիներ, թույլ տանք մեր բանականությանը, որպեսզի նա իշխի մեր էության ու բնության վրա: Աստծուն տեսնելու համար մենք պետք է մաքրենք մեր հայացքը մեղքի կեղտից, որպեսզի մաքուր հայացքով կարողանանք հայել Նրան. «Աստված չի ծաղրվում: Որովհետև ինչ որ մարդ սերմանե, այն էլ կհնձե. իր մարմնից սերմողը ապականություն կհնձե, և Հոգու մեջ սերմողը Հոգուցն հավիտենական կյանք կհնձե» (Գաղ. 6.7-8):


ԱՇԽԱՏԱՆՔԸ ՔՐԻՍՏՈՆՅԱՅԻ ԿՅԱՆՔՈՒՄ
Աշխատանքը, սիրելիներ, կարևոր միջոցներից մեկն է, որով մենք դառնում ենք Աստծո համագործակիցները՝ որպես ստեղծագործող: Ինչքան ավելի ենք կատարելագործվում մեր մասնագիտության մեջ, այնքան ավելի կատարյալ ու մնայուն է դառնում մեր ստեղծագործությունը, այնքան ավելի մեծ է լինում մեր լուման աշխարհի բարեկարգման գործում: Աշխատանքով և դրանից քաղած պտուղներով ենք մենք կարողանում որոշել մեր կյանքի արդյունավետությունը: Եթե հողագործը չմշակի հողը, ծառը չտնկվի, ինչպե՞ս մենք կվայելենք պտուղները, և ինչպե՞ս հողագործը կհոգա իր ընտանիքի կարիքները, այդպես էլ ամեն գործի մեջ, որ մենք կատարում ենք, պետք է լինի նվիրում, որպեսզի լինի համապատասխան վարձք:
Ինչքան հաճելի է, երբ տեսնում ենք խնամված այգիներ, մաքուր փողոցներ, առաջին հայացքից դա սովորական է թվում, քանի որ մենք չենք տեսել, ինչպես են հողագործը կամ հավաքարարը վաղ առավոտից կատարել իրենց պարտականությունը: Այդպես ամեն աշխատանք, լինի հոգևորականի, նախագահի, գիտնականի, տնտեսագետի, ճարտարապետի, իրավաբանի, բժշկի, հացթուխի, կոչված է մարդկանց ծառայելու, և եթե կան պարտականությունների թերացում կամ անբարեխիղճ մոտեցում, ուրեմն այն չի գնահատվելու ըստ արժանվույն, առավել ևս՝ Աստծո կողմից:
Եթե մեր կյանքում չկա աշխատանք, ուրեմն կա անգործություն ու ծուլություն, կա ժամանակի անտեղի, անհարկի վատնում, մեղք, որը կարող է մեզ հետզհետե վերածել մի աննպատակ, թշվառ ու ձրիակեր արարածի, ով անընդհատ կսպասի այլոց աշխատանքի պտուղներին, որպեսզի վայելի առանց ջանք գործադրելու, և վատթարագույն վիճակը այն է, երբ մարդը դիտավորյալ փորձում է խորամանկել ու դիմացինի հաշվին ապահով կյանք ստեղծել իր համար. «Եթե մեկը չի աշխատում, թող չուտի էլ» (1 Թես.3.10),- այսպես է ասում Ավետարանը:
Շատ կարևոր է, սիրելիներ, որ մեր ընտանիքներում լինի աշխատանքի նկատմամբ ներդաշնակ վերաբերմունք, երբ ընտանիքի ամեն անդամ անտրտունջ պատրաստ է կատարելու իր ուժերի սահմանում որևէ աշխատանք: Այդպիսի ընտանիքում է, որ կմեծանա սերունդ, ով հետագայում կկարողանա ինքնուրույն ձևավորել սեփական ընտանեկան ընդհանրություն: Արդյո՞ք այսօր, երբ մենք Աստծո պարգևած երեխաներին թույլ չենք տալիս ծնվել, արդյունք չէ նաև ծուլության, որ չենք ուզում նրա կարիքները հոգալու համար մեզ մի փոքր ավելի ծանրաբեռնել: Բավական է, որ մենք ձևանանք ընտանիք և միայն մեր եսասիրությունը բավարարելու համար ունենանք մեկ-երկու երեխա... Չէ՞ որ երեխաները մեծանալով ընդօրինակում են մեզ... Բայց երբ երեխան մեծանում է մի ընտանիքում, որտեղ տիրում է բարեխիղճ վերաբերմունք աշխատանքի նկատմամբ, և ամեն ոք գիտի, թե ինչ պարտականություն ունի ինքը թե՛ իր ընտանիքի, թե՛ այն երկրի նկատմամբ, որտեղ ապրում է, նրա մեջ կձևավորվի հստակ պատկերացում աշխատանքի՝ որպես կյանքի կարևորագույն պայմանի նկատմամբ: Քանի որ մենք, որպես ավանդապահ ազգ, մտահոգված ենք մեր ընտանիքների ապագայով, սիրելիներ, ապա պետք է ամեն կերպ «սրբացնենք» աշխատանքը ինչպես մեր ընտանիքի ներսում, այնպես էլ մեր աշխատավայրում, ինչի միջոցով մենք կկարողանանք նաև մեր օրինակով ճիշտ ճանապարհի վրա դնել մեր ապագա սերնդին: «Թե ջահելին ուղղել կուզես, ով էլ լինի՝ աշխատել սովորեցրու» (Օքրո Օքրոյան, 1939-2003):


Անահիտ-Աննա ԳԻՉՅԱՆ

Դիտվել է՝ 1318

Մեկնաբանություններ